գրականություն

Վանո Սիրադեղյան․Գառ ախպերիկ պատմվածքի վերլուծություն։

Պատմությունը շատ այլաբանական տեսք ուներ։ Շատ լայն հասկացողություն ունի իր մեջ։ Անկեղծ լինեմ առաջին անգամ էի այսպիսի բովանդակության բան ընթերցում։ Կարծիքս ոչ դրական, ոչ էլ բացասական է։ Պատմվածքը մի ընտանիքի մասին էր որը չծնված երեխայի կորցրեց, և սուգ ապրեց։ Մայրը գտնվում էր ծանր հոգեբանական և ֆիզիկական վիճակում։ Նրան այդ վիճակից հանելու համար ամուսնու եղբայրը բերել էր մի գառ, որ մոր կրծքերից կաթը խմեր և մոր ֆիզիկական ցավը վերանար, ցավոք հոգեբանական ցավը լիովին չանցավ։ Ինչևէ պատմությունը կարող եք ընթերցել այս հղումով և ինքնուրույն կարծիք կազմել։

գրականություն

Էվելին, Ջեյմս Ջոյս։ Վելուծություն

Պատմվածքը սկսում է այս տողերով․ “Նա նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր փողոց ներխուժող երեկոն։ Գլուխը սեղմել էր պատուհանի վարագույրին, ռունգերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։ Հոգնած էր։”
Ինձ համար տպավորիչ սկիզբ է։ Մի աղջկա կյանքի, սիրո պատմության մասին է պատմվածքը։ Նրա անունն էր Էվելին։ Տքնաջան աշխատում է երիտասարդ տարիքում, որպեսզի պահի իր տունը։ Եվ մի անգամ երբ օրվա թոհուբոհից հոգնած աշխատանքը ավարտում է, նկատում է մի տղայի, ով իրեն ուշադրություն է ցույց տալիս։ Առաջին հայացքից նրանք համակրում են իրար, բայց վերջաբանը ուրիշ բան է համոզում։ Էվելինի հայրը դեմ է լինում նրանց ընկերությանը, բայց դա նրանց չի կանգնեցնում, նրանք շարունակում են շփվել իրար հետ։ Կարելի է ասել դժվար էր աղջկա համար և դա կարծես թե նկատել էր նրա սիրած տղան՝ Ֆրանկը։ Առաջարկեց փախնել, գնալ երկրից Արգենտինա՝ իրանց տունը և ընտանիք ստեղծել։ Ամեն ինչ լավ էր, բայց․․․ աղջիկը վարանեց, երբ եկել էր պահը՝ նավի վրա բարձրանալու, կանգ առավ։ Այսպես է ավարտվում պատմվածքը “Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռում էին, որ ճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբեր դեմքը շրջել էր դեպի Ֆրանկը, ասես մի անօգնական կենդանի լիներ։ Նրա աչքերը ոչինչ չէին ասում՝ ոչ սեր, ոչ հրաժեշտ, ոչ մտերմություն։” Այսպիսով մեզ հայտնի չէ, թե ինչ եղավ վերջում, բայց լիովին վստահ կարող եմ ասել՝ Էվելինը չէր սիրում Ֆրանկին։ Նա վախեցավ փոփոխություններից իր կյանքում, նախընտրեց ապրել իր տխուր ճահճացած կյաքնով, քան փոխի այն՝ ռիսկի դիմելով։

գրականություն

Աստղկան սայլը։ Համաստեղ․ վերլուծություն

Իրականում պատմվածքը հետաքրքիր է։Շատ բովանդակալից ստեղծագործություն է՝ խորը ասելիքով, որը սովորացնում է, որ չպետք է լինել ժլատ ու ագահ։ Աշուղի ու ձկնորսի աշխարհայացքին կենտրոնանալով՝ հասկանում ենք, որ պետք է գնահատել հոգևոր արժեքները այլ ոչ թե նյութական։ Ձկնորսը նյութապաշտ էր, նա ծանր աշխատում էր որպեսզի իր ընտանիքի հոգսերը հոգար, իսկ աշուղը չուներ, ոչ հոգս, ոչ դարդ ուներ միայն ցանկություններ ու ապրում էր թեթև կյանքով։ Այս պատմությունը ես այսպես եմ վերլուծում ինչպես որ ընկալել եմ։ Հուսամ ձեզ հետաքրքրեց։

գրականություն

Համո Սահյանի բանաստեղծություններ

ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ
Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։
Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,
Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:
Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։
Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Հրաշք լիներ, կրկնվեր
Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական։

Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի: 

Իջնում էին խոհուն, խոնարհ 

Դեզերի ուսին 

Մի կաթնահունց երկնակամար, 

Մի ծերատ լուսին: 

Մեկը մեկից ամաչելով, 

Եվ զուսպ, և հավաք, 

Նստում էին մերոնք կարգով- 

Կրտսեր ու ավագ: 

Նստում էին և սպասում 

Մինչև պապը գար, 

Մինչև բակում Ծաղիկ եզան 

Զանգը ծլնգար: 

Պապը գալիս, սուփրի գլխին 

Նստում էր շուքով, 

Եվ լցվում էր տունը դաշտի 

Բույր ու շշուկով… 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 

Շերեփը իր հին, 

Գդալները բնազդաբար 

Աղմկում էին: 

Թանապուրի տաք գոլորշին 

Գերանին առնում 

Եվ սյունն ի վար գլոր-գլոր 

Ուլունք էր դառնում: 

Վայելում էր տաք թանապուր, 

Լավաշ ու սամիթ 

Աշխարավոր մի գերդաստան՝ 

Պարզ ու միամիտ… 

Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա… 

Ես եմ մնում լոկ իբրև հուշ 

Եվ իբրև վկա: 

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի:

գրականություն

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը 

Վերլուծություն

Ըստ իս այս պատմությունը շատ հրաշալի իմաստ է կրում։ Երիտասարդները շատ նախասիրություններ ունեն, հետաքրքրություններ, բայց կան ընտանիքներ որոնք կոտրում են իրենց երեխաներին։ Վիլյամ Սարոյանի գրվացքներից հասկանում եմ, որ նա բարդ մանկություն է ունեցել, որը շատ հաճախ է նկատվում ընտանիքների մոտ։ Խնդիր է հանդիսանում գումարի քչությունը և չեն կարողանում բավարարել երեխաների նախասիրությունները։ Պատմվացքը կարճ է չունի բարդություններ, բայց եթե դուք էլ նպատակասլաց մարդ եք խորհուրդ եմ տալիս կարդալ հղումը այստեղ

գրականություն

ԵղիշեՉարենց. բանաստեղծություններ

Լուսամփոփի՜ պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Կուզեմ հիմի փչե զուռնեն

Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Խեղկատակ

Ու գինու պես քո հոգին
Հորդ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին։
                   «Խրախճանք», բալլադ 1-ի

Կուզե՞ք – երգեմ ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք-
Ինչ որ կուզեք, կուզեք – սեր
Կուզեք – մահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ու՛մ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը –
Առջի:

Ես երգում եմ ակամա:
Ի’նչ էլ երգեմ, կուզեք – սեր,
Կուզեք – մահ: –
Բայց չե’մ կեղծում ես երբեք։
Լսե՛ք երգերս
Ահա-
Լսե’ք երգերս, բայց թե –
Չհարբեք:
Ես չեմ ուզում, որ հարբեք.
Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի
Անհու՜ն կարոտ դառնում է քաղցր
Քամի…

Չե՞ք հասկանում։
Իզու՜ր, իզու՜ր։ Դուք պե՛տք է որ
Հասկանաք։
Թռչել է պետք. սակայն ու՞ր։-

Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե –
Ձեզ թուղթ թվան ու թանաք։
Չեք հասկանում… – Դուք պե՛տք է որ
Հասկանաք։

Ուրիշ – ոչինչ։
Ու հիմա —
Նու՛յնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ
Ես երգում եմ – ակամա։
Ի՛նչ էլ երգեմ ՝ կուզեք – սեր,
Կուզեք – մահ։

Ես – խեղկատակ եմ հիմա…

գրականություն

Եղիշե Չարենց․Կենսագրություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:… Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս… ու առևտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: …Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: …Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն… իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:
գրականություն

Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

   Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

   Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

   Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

II

   Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

III

   Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

   Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․

IV

   Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

V

   Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
      Ականջ դըրավ նա․․․

VI

― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև․․․

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
          Ձեն – ձուն չկա։

   Միայն ահավոր լըռության միջում

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
   Աչքերը հանգչող կըրակին հառած՝

Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
   Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

VI

   Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
   Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

VII

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․c

գրականություն

Հյուրը․

Մի մարդ գնում է մի մարդու տուն ՝ հյուր, այդ տանտերը շատ խորամանկ է լինում։ Միշտ բերում է այդ հյուրի դիմաց դնում է ընկույզի միջուկը, դոշաբ, մեկ էլ քունջութ։ Եթե այդ հյուրը դրա ուտելու ձևը իմանա, իր համար ոչխար է մորթելու, եթե ուտելու ձևը չիմանա, պիտի բավարարվի հաց ու պանրով։ Ոնց է պատահում, որ հյուրը չի իմանում՝ ինչպես ուտի։ Այդ ժամանակ տանտիրոջը դրսից կանչում են։

Հյուրն էլ պարզվում է, որ տանտիրոջից խորամանկ է լինում, կանչում է տանտիրոջ երեխային

Ասում է․

— Բալե՛ս, արի նստի ծնկներիս։

Երեխան նստում է ծնկներին ասում է․- Բալե՛ս, կե՛ր։

Երեխան ընկույզը վերցնում է, տանում, թաթախում դոշաբի մեջ, հետո թաթախում քունջութի մեջ։

Որ ուտում է, ասում է․ — Բալես, դու գնա խաղ արա, դու էլ այստեղ գործ չունես, անցի՛ր, կորի՛ր այստեղից։

գրականություն

Վահան Տերյան․Կենսագրություն

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։